Յոթ Նոտա

Համերի քարտեզի այս հասցեում համի նրբերանգների ամենաներդաշնակ համադրությունն է ներկայացված։ Հետաքրքիր ու միանգամայն նոր տեքստուրաներ, նուրբ ու թեթև համ, յուրօրինակ ու ինքնատիպ մատուցում և սիմֆոնիան պատրաստ է։ 
Անսպասելի է, սակայն այս ճերմակ ու թեթև ուտեստն ամբողջությամբ պատրաստված է կարմիր լոլիկից։ 


Համի առաջին երեք նոտաները բազիլիկով և աղով 24 ժամ մարինացված լոլիկի հյութից ստացված երեք տեքստուրաներն են՝ կրեմ, սոուս, փրփուր։ Մյուս տեքստուրաները երեք տարբեր ձևով մշակված լոլիկներ են՝ թարմ, բազիլիկով մարինացված և մամլիչով (ծանրության տակ) քամված՝ դոնդողանման դարձած։ Վերջին՝ 7-րդ տեքստուրան լոլիկի չորացրած կեղևի փոշին է։


Ուտեստի առաջին շերտում լոլիկի հյութով և սերուցքով պատրաստված կրեմն է, երկրորդ շերտում երեք  ձևով մշակված լոլիկներն են՝ համեմված թարխունով, չիլի պղպեղով և ձիթապտղի յուղով, երրորդ շերտը  կրկին կրեմն է։ Ուտեստի շուրջ լցված են բազիլիկով և ձկան արգանակով պատրաստված սոուսն ու լոլիկի փրփուրը։ Ձևավորված է դեղին, կանաչ, կարմիր խորոված պղպեղների կրեմով, ոչխարի պանրով, սամիթի ձեթով  և լոլիկի չորացրած կեղևի փոշով։ 
Բարդ թվացող այս ուտեստն առանձնանում է իր մինիմալիստական համով. փորձելիս ամբողջությամբ լոլիկի համն եք զգալու։
 

a